Սիրիայի տարածքում զինված հակամարտության մի շարք մասնակիցների հետ կայացած բանակցությունների արդյունքում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը որոշում է կայացրել թողնել պաշտոնը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
Գերատեսչությունից հավելել են, որ Ասադը «որոշել է լքել երկիրը՝ հրահանգելով իշխանության փոխանցումն իրականացնել խաղաղ ճանապարհով»։
«Ռուսաստանն այդ բանակցություններին չի մասնակցել, բայց ներգրավված բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնալ բռնություն կիրառելուց և քաղաքական ճանապարհով կառավարման բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով։ ՌԴ-ն կապի մեջ է սիրիական ընդդիմության բոլոր խմբավորումների հետ»,- ասված է հայտարարության մեջ։
Արտաքին գերատեսչությունը, միևնույն ժամանակ, տեղեկացրել է, որ Սիրիայում ռուսական ռազմաբազաներում գտնվող զինվորականները բարձր պատրաստության վիճակում են, և այս պահին նրանց անվտանգությանը լուրջ սպառնալիք չկա։
Դեկտեմբերի 8-ին Սիրիայում պետական հեռուստատեսությունը գրաված զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել երկրի նկատմամբ։
Reuters-ը և Al Hadath-ն դեկտեմբերի 8-ին գրել էին, որ Ասադը լքել է Դամասկոսը։ Reuters-ի տվյալներով՝ Ասադը Դամասկոսից մեկնել էր անհայտ ուղղությամբ։ Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով՝ նա լքել էր քաղաքը դեկտեմբերի 7-ի երեկոյան։ Ընդդիմության և իսլամիստների միասնական «Ալ Ֆաթհ Ալ-Մուբին» խմբավորման տելեգրամյան ալիքում գրել էին, որ «Ասադը փախել է»:
Դեկտեմբերի 8-ին՝ ավելի ուշ, Reuters-ը գրել էր, որ Ասադի ինքնաթիռն անհետացել է քարտեզից, և «մեծ հավանականություն կա, որ նա կարող էր զոհվել ավիավթարի հետևանքով»։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Մինչ երկրի նկատմամբ վերահսկողություն հաստատելը՝ նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։ Դեկտեմբերի 1-ին Հալեպից դուրս գալու ժամանակ դիպուկահարի կրակոցից զոհվել էր հալեպահայ Երվանդ Արսլանյանը։
ՀՀ ԱԳՆ-ն դեկտեմբերի 8-ին հայտարարել էր, որ Սիրիայից հայերի անվտանգ տարհանման հնարավորություն այս պահին չկա։