Ադրբեջանն ու Հայաստանը նախընտրել են ինքնուրույն լուծել հակամարտության կարգավորման հետ կապված բոլոր հարցերը՝ մեծ ուշադրություն չդարձնելով ԱՄՆ-ի և Եվրամիության առաջարկություններին, հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կորցնում է նախաձեռնությունը բոլոր ուղղություններով, հատկապես` հետխորհրդային տարածքում։
«Ուկրաինայի հանդեպ ամերիկյան «մոլուցքն» սկսում է կործանարար ազդեցություն ունենալ Վաշինգտոնի կառուցած ամբողջ գլոբալ ֆինանսական և ռազմաքաղաքական համակարգի վրա։ ԱՄՆ-ն կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում՝ Մերձավոր Արևելքից մինչև Ասիա և Աֆրիկա։ Իսկ հետխորհրդային տարածքում նրանց մոտ ընդհանրապես ձախողումներ են»,- ասել է հետախուզության ղեկավարը։
Նարիշկինը հնարավոր է համարել, որ արևմտյան երկրները կարող են «գլոբալ զինված հակամարտություն հրահրել Եվրասիայի Էպիկենտրոնի հետ»:
Նոյեմբերի 7-ին Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր Հայաստանին «ազգային ինքնասպանության» մղելու Վաշինգտոնի ծրագրերի մասին: Ռուսաստանի հետախուզության կարծիքով՝ ամերիկացիները ծրագրում են այդ խնդիրը լուծել Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաներով: