Սիրիայում զինյալ խմբավորումների կողմից երկրում վերահսկողություն հաստատելուց հետո աշխարհաքաղաքական ազդեցության գոտիներն ու ուժերի հարաբերակցությունն արմատապես փոխվել են, ինչը չի կարող ազդեցություն չունենալ նաև Հայաստանի վրա, Armenia Today-ի հետ հարցազրույցում ասել է քաղաքագետ Դավիթ Հարությունովը։
Նրա խոսքով՝ Սիրիայում ուժերի հարաբերակցության փոփոխությունը, մասնավորապես, Իրանի տապալված ռազմավարությունը, Թուրքիայի ազդեցության աճը խնդրահարույց են Հայաստանի համար։
«Եթե մինչ այդ երկիրը բաժանված էր Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և որոշ չափով՝ ԱՄՆ-ի միջև, հիմա, փաստացի, Իրանն ու ՌԴ-ն դուրս են մղվում, թեպետ ՌԴ-ն դեռ պահպանում է իր ռազմաբազաները։ Արդյունքում՝ նախ և առաջ Թուրքիայի ազդեցությունն է աճում, այնուհետ՝ Իսրայելի և որոշ չափով՝ ԱՄՆ-ի։ Այդուհանդերձ, ազդեցության հիմնական գոտին Թուրքիայի ձեռքում է լինելու»,- ընգծել է քաղաքագետը։
Թուրքիայի ազդեցությունն աճում է, քանի որ, Հարությունովի խոսքով, կարևորագույն դեր են խաղացել այն խմբավորումները, որոնք կա՛մ Թուրքիայի անմիջական կառավարման տակ էին, կա՛մ, առնվազն, լոյալ էին իրենց։
«Իհարկե, շատ լուրջ է Իրանի խնդիրը, որովհետև իր տարածաշրջանային ռազմավարությունն առնվազն այս պահին տապալվել է։ Այն կառուցված էր, այսպես կոչված, դիմադրության առանցքի շուրջ, որի մեջ Իրանն էր, Սիրիան, Լիբանանում «Հըզբոլլահը», ինչպես նաև պաղեստինական խմբավորումները, որոնք միմյանց հետ ցամաքային կապեր ունեին։ Քանի որ Սիրիան դուրս է մնում այս շղթայից, իսկ «Հըզբոլլահը» և պաղեստինական խմբավորումները տուժել են Իսրայելի հետ կոնֆլիկտի հետևանքով, Իրանը, փաստացի, կորցնում է տարածաշրջանում ազդեցություն ունենալու լծակները»,- շեշտել է քաղաքագետը։
Խոսելով Սիրիայում իրադարձությունների հնարավոր զարգացումներից՝ նա նշել է, որ Սիրիայում մեծ է անկայունության հավանականությունը։
«Ցավոք, մեծ է հավանակությունը, որ գործընթացները տեղի կունենան լիբիական սցենարով։ Այսինքն՝ կոնֆլիկտ տարբեր խմբավորումների միջև, որոնք արտաքին տարբեր աջակիցներ ունեն։ Բացի այդ, ընդդիմությունը տարբեր խմբավորումներից է բաղկացած, և իրենց մի միասնական հայտարարի, միասնական ղեկավարման դաշտ բերելը շատ դժվար կլինի։ Իրենց մեջ կոնֆլիկտը բավականին հավանական է։ Երկրի կայունացմանը խանգարելու է արդեն իսկ առկա բաժանումը, հաշվի առնենք նաև Իսրայելի կողմից տարածքներ գրավելու հանգամանքը»,- հավելել է նա։
Հարությունովի խոսքով՝ Սիրայում տեղի ունեցող զարգացումների համատեքստում Հայաստանի համար խնդրահարույց է հատկապես Թուրքիայի դերակատարման աճը։
«Կան կանխատեսումներ, որ հետագայում քայլեր կլինեն նաև Հարավային Կովկասում։ Դժվար է ասել, թե ինչ քայլեր, բայց փաստ է, որ տարածաշրջանում հիմնական դերակատարը Թուրքիան է։ Միևնույն ժամանակ՝ Թուրքիայի համար պոտենցիալ խնդիրներ կան, որովհետև, ինչպես նշեցի, Սիրիայում անկայունության հավանականությունը մեծ է։ Թուրքիան չի վերահսկում բոլոր խմբավորումներին և այս տեսանկյունից՝ իր սահմանների կողքին հնարավոր անկայունությունն ինչ-որ ձևով կառավարելու խնդիր կունենա։ Կա նաև քրդերի խնդիրը, որոնք վերահսկում են հյուսիսային շրջանները և ունեն ԱՄՆ-ի աջակցությունը։ Այս անկայուն պայմաններում փորձում են մաքսիմալ ճնշել քրդերին»,- ընդգծել է քաղաքագետը։
Վերջինիս գնահատմամբ՝ Իրանի դիրքերի թուլացումն անմիջական կարող է ազդել Հայաստանի վրա։
«Իրանի դիրքերի թուլացումը կարող է բերել որոշակի անկայունության հենց Իրանի նեսում։ Իրանի հետ կապված մյուս վտանգը մեզ համար այն է, որ Իրանը կարող է սկսել կոմպենսացնել կորուստները, և միջուկային զենք ստեղծելու քայլեր ձեռնարկել։ Այստեղ լուրջ վտանգ կա, որովհետև Իսրայելն ու ԱՄՆ-ն հայտարարել են, որ այդ դեպքում ռազմական միջամտության կդիմեն։ Սա, բնականաբար, իր ազդեցությունը կունենան նաև Հայաստանի վրա։ Հաշվի առնենք նաև այն, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը բավականին իսրայելամետ է, և մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ն Իրանի հանդեպ կուժեղացնի ճնշումը»,- ասել է Հարությունովը։
Քաղաքագետը Սիրիայում տեղի ունեցող գործընթացների ֆոնին Հայաստանի համար նաև հնարավորություններ է տեսնում։
«Եթե Ռուսաստանի ռազմաբազաները Սիրիայից դուրս բերվեն, Հայաստանի նշանակությունն իրենց համար ինչ-որ տեղ կարող է բարձրանալ։ Այդ դեպքում՝ հարավային ուղղության վրա մնում է միայն Հայաստանը, որտեղ Ռուսաստանն իր սահմաններից դուրս ռազմաբազա ունի։ Առհասարակ, ՌԴ-ի ռազմավարության մեջ Հայաստանի նշանակության նվազումը կապված էր 2015-ից Սիրիայում ռազմական ներկայություն ունենալու հետ։ Եթե ՌԴ-ի ռամաբազաները դուրս գան Սիրիայից, Ռուսաստանի հետ քաղաքական առևտրի մեջ մտնելու որոշակի հնարավորություն է բացվում Հայաստանի համար՝ հաշվի առնելով ռազմաբազայի գործոնը։ Միևնույն ժամանակ, իհարկե, հարց է՝ Հայաստանի իշխանությունները կգնա՞ն այդ քայլին, թե՞ ոչ»,- նկատել է Հարությունովը։
Խոսելով Սիրիայում հայկական համայնքի հետագա ճակատագրի մասին՝ քաղաքագետն ասել է, որ ամեն ինչ կախված է Սիրիայում իրադարձությունների զարգացումներից։
«Մի կողմից նոր՝ մի քանի հիմնարար դեր ունեցած խմբավորումները ձգտում են հայտարարություններով ցույց տալ, որ քրիստոնյաների, առհասարակ, փոքրամասնությունների դեմ ռեպրեսիաներ չեն իրականացնի։ Հաշվի են առնում նախկին փորձը, երբ Սիրիայում քաղաքացիական պատերազմի առաջին փուլում փոքրամասնությունների նկատմամբ ընդդիմության ագրեսիվ մոտեցումը բերեց նրանց կոնսոլիդացմանը Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի շուրջ։ Միաժամանակ՝ Սիրիայից բազմաթիվ տեղեկություններ են գալիս հանրային վայրերում մահապատիժների, սպանությունների մասին՝ ուղղված թե՛ նախկին ռեժիմի, թե՛ փոքրամասնությունների դեմ։ Իրականում՝ կա երկու զուգահեռ իրականություն՝ պաշտոնական հաղորդագրություններ և տեղեկություններ։ Այս պարագայում դժվար է կանխատեսել՝ խմբավորումները կցանկանա՞ն վերահսկել իրավիճակը, թե՞ անկայություն կլինի, ու հարձակումներ կլինեն նաև քրիստոնյաների դեմ»,- եզրափակել է Հարությունովը։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։
Աննա Բադալյան