Դեկտեմբերի 11-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի միջև, որտեղ նրանք քննարկել են Սիրիային ու տարածաշրջանին վերաբերող հարցեր, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ ԱԳՆ-ի՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև ադրբեջանա-թուրքական դաշինքից բխող հարցեր, իրավիճակը տարածաշրջանում հետհակամարտային շրջանում, միջազգային անվտանգությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել Մալթայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ հանդիպման շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների և քննարկումների շուրջ։
Զրույցի ընթացքում Ադրբեջանն աջակցություն է հայտնել Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև հույս է հայտնել, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակը շուտով լուծում կգտնի՝ ելնելով սիրիացի ժողովրդի շահերից և կամքից։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկկողմ և բազմակողմ այլ հարցերի շուրջ։