ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ խմբակցությունից հեռացած պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ում ՔՊ-ում մեղադրել են արտահոսքեր կազմակերպելու մեջ, խմբակցության փակ նիստերից ու վարչապետի հետ հանդիպումներից տեղեկություններ է փոխանցել «Հրապարակ» օրաթերթին։
«Աղազարյանը, որ հիմա փորձում է ազատամտության ու կամ այլախոհության համար հալածյալի ու կամ զոհի կերպարի մեջ մտնել, բավականին զգալի ժամանակահատված «Հրապարակ» օրաթերթի ինֆորմատորն էր։ Սա փաստացի հաստատել են Աղազարյանը և գրեթե ուղիղ հաստատել է տվյալ լրատվամիջոցը»,- գրել է Ալեքսանյանը։
Նա արտահոսքեր կազմակերպելու մեջ մեղադրել է նաև ՔԿ խմբակցությունից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանին։
«Այն, ինչ վերաբերվում է Աղազարյանին, պարզվեց, որ վերաբերվում է նաև Ասլանյանին, քանի որ վերջինս խմբակցության ու խմբակցությունից ինֆորմացիայի արտահոսքի անցքի միջև ընտրեց երկրորդը»,- հավելել է պատգամավորը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին՝ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից, դեկտեմբերի 4-ին Աղազարյանը հայտարարել էր ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին։
Աղազարյանը դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել է իր հեռախոսը քրեական վարույթի շրջանակներում, որով անցնում է որպես վկա։ Նրա տեղեկություններով՝ դրանից հետո տվյալները հայտնվել էին Փաշինյանի ձեռքին, իսկ ավելի ուշ ՔՊ վարչության նիստում նա հրապարակել էր Աղազարյանի անձնական կյանքի մի շարք դրվագներ, նամակագրություններ։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ «Աղազարյանի հեռախոսը վերցնելուց հետո բացահայտել են պետական անվտանգության սպառնալիքներ պարունակող տեղեկություններ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ»։ Դեկտեմբերի 9-ին դատախազությունն Աղազարյանի կողմից արտահոսքեր կազմակերպելու հրապարակումն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե։ Դեկտեմբերի 10-ին Աղազարյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով պարզաբանել, թե ինչպե՞ս են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։
Դեկտեմբերի 11-ի կեսօրին Ասլանյանը հայտարարել էր ՔՊ-ի հետ համագործակցությունը մեկ ամսով դադարեցնելու մասին՝ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Ասլանյանն «անհիմն» էր համարել Աղազարյանին պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսք կազմակերպելու մեղադրանքը։ Ասլանյանն ավելի ուշ հայտարարել էր, որ շարունակում է մնալ ՔՊ-ի «լիիրավ անդամ»:
Դեկտեմբերի 11-ի երեկոյան ՔՊ-ն Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու որոշում էր կայացրել։