ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Ֆրանսուա Բայրուին և հրավիրել Հայաստան, տեղեկանում ենք կառավարության լրատվական ծառայությունից։
«Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտ համագործակցությունը՝ ընդլայնելու հայ և ֆրանսիացի ժողովուրդների ամուր բարեկամության վրա հիմնված` մեր երկու պետությունների միջև հաստատված առանձնահատուկ հարաբերությունները։ Իմ վճռական պատրաստակամությունն եմ հայտնում համատեղ ջանքերով քայլեր ձեռնարկելու Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական համագործակցության զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության շրջանակներում»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանում անվտանգության և արդար ու տևական խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանսիայի հետևողական ջանքերը:
«Բարձր ենք գնահատում Հայաստանին վերաբերող հարցերում Ձեր շարունակական ուշադրությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխությունը։ Մեծ պատիվ կլինի առաջիկայում պաշտոնական այցով Ձեզ հյուրընկալել Հայաստանում՝ հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ բովանդակային քննարկումներ անցկացնելու համար»,- ասված է ուղերձում:
Դեկտեմբերի 13-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ էր նշանակել երկրի արդարադատության նախկին նախարար Ֆրանսուա Բայրուին։