Ադրբեջանին հետևողականորեն կոչ ենք անում հարգել իր երկրի ներսում գտնվող բոլոր մարդկանց, այդ թվում՝ բանտարկյալների իրավունքները և հիմնարար ազատությունները, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատախասխանելով Բաքվում պահվող հայ գերիների մասին լրագրող Հայկարամ Նահապետյանի հարցին։
Լրագրողը հիշեցրել է, որ Ադրբեջանի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերին թույլ չեն տալիս տեսնել իր պաշտպանյալին։
Միլլերի խոսքով՝ ԱՄՆ-ն քայլեր է ձեռնարկում, երբ տեսնում է, որ Ադրբեջանը չի հարգում բոլոր մարդկանց հիմնարար իրավունքները երկրի ներսում։
«Կշարունակենք վարել այդ քաղաքականությունը»,- հավելել է Պետքարտուղարության մամուլի խոսնակը։
Դեկտեմբերի 17-ին Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության գործը փոխանցվել էր դատարան։
Բաքուն հունվարին հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Խոսքը նաև Արցախի նախկին ղեկավարների մասին է։
2023թ․ սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
Ադրբեջանի դատախազները Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր փաթեթ էին առաջադրել, որով նրան սպառնում է ցմահ ազատազրկում, հաղորդել էր Վարդանյանի պաշտպանական թիմը:
Կարդացեք նաև՝ «Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն։