ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանի մանդատը, որն այսօր կառավարության որոշմամբ նշանակվել է Շիրակի մարզպետ, կփոխանցվի Ջուլիետա Ազարյանին, տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Առուշանյանի լիազորությունները դադարեցվել էին դեկտեմբերի 18-ին։
ԿԸՀ-ն դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է նույն կուսակցության Ջուլիետա Հովսեփի Ազարյանին։ Ազարյանը ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուն է։
Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանը դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում հայտնել էր հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։ Նա Շիրակի մարզպետ էր նշանակվել 2023 թվականի հունվարի 26-ին։
Դեկտեմբերի 11-ին Առուշանյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։ Առուշանյանն ինքնաառաջադրվել և մասնակցել էր դեկտեմբերի 8-10-ն անցկացված Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններին, որոնց արդյունքներով հաղթել էր Սարիկ Մինասյանը։ Առուշանյանը նախնական ընտրությունների արդյունքներով երկրորդն էր։
Դեկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզպետի պաշտոնում առաջադրել էր Առուշանյանի թեկնածությունը։