Այսօրվա՝ դեկտեմբերի 30-ի նիստում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է 2025 թվականի էլեկտրաէներգիայի սակագները՝ թողնելով դրանք անփոփոխ, հայտնել է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Հայտարարությունում նշվում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել՝ սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում։
Հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման արդյունքում սահմանվել են նաև 2025 թվականի փետրվարի 1-ից գործող էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների, ծառայություններ մատուցող ընկերությունների և շուկայի մրցակցային հատված դուրս չեկած բաժանորդների նոր սակագները, հայտնել են հանձնաժողովից։
Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին սակագինը 2022 թվականի փետրվարի 1-ից ավելացել էր 4,7 դրամով: Սոցիալապես անապահով խմբերից բացի մնացած սպառողների համար սակագինն ավելացել էր 5,5 դրամ/կՎտժ-ով: