Նոր տարի ենք մտնում օրեցօր ավելացող խնդիրներով, բազմաթիվ հոգսերով, չկորցնելով, սակայն, մեր ժողովրդին բնորոշ անսպառ կենսունակությունը և անհուն լավատեսությունը, որ շատ կցանկանայի՝ ամուր հիմքեր ունենար, 2025-ին ընդառաջ իր ուղերձում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այսօր մենք ճանապարհում ենք ևս մեկ տարի` փորձություններով, կորուստներով և դժվարություններով լեցուն, որոնք, ցավոք, չմնացին անցյալում: Մեր ժողովրդի և պետության համար վտանգներով և մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում հարկ է լինել շրջահայաց և զգոն, չհավատալ երկիրը կործանման եզրին հասցրած՝ Հայաստանի կառավարիչների հերթական անամոթ ստերին, փուչ խոստումներին, նայել միայն ու միայն փաստերին»,- ասելէ Սարգսյանն իր ուղերձում։
Նրա խոսքով՝ հաջողությունների ու հաղթանակների պատմությունը նոր տողից և խորքից գրելու համար անհրաժեշտ է վերջակետ դնել նախորդ նվաստացուցիչ, արյունալի և մղձավանջային պարբերության ավարտին»։
«Տարբերենք կեղծիքը իրականությունից, չհանդուրժենք խաղաղության մասին անվերջ ճամարտակող, բայց պետությունը չավարտվող պատերազմի ճիրանները գցած, 44-օրյա պատերազմում երկիրը խայտառակ պարտության տարած, Արցախը թշնամուն հանձնած, Հայաստանից տարածքներ զիջած ու սեփական աթոռը պահելու մոլուցքով տարված, պատերազմում պարտությունն ամեն գնով արդարացնելու համար ամեն ինչի պատրաստ իշխանազավթներին։ Նրանք չունեն ամոթ, չունեն բարոյականություն, չունեն խիղճ, չունեն պատիվ և վերջապես՝ չունեն Հայրենիք։ Հորդորում եմ հերթական անգամ չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու թշնամու կամակատարը դարձած այս ապազգային իշխանություններից, պատասխանատու լինել մեր սերունդների առաջ, ամուր պահել մեր ազգային արժեքները, որ շուրջ յոթ տարի ոտնակոխ են անում ամեն քայլափոխի»,- ընդգծել է երրորդ նախագահը։