Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը գուցե շատ ավելի հեշտացներ և դրական ազդեցություն թողներ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա, հունվարի 8-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ Թուրքիան շարունակում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել հայ-ադրբեջանական հարաբերութունների կարգավորման հետ, սակայն ինքը հարցին նայում է հակառակ կողմից։
«…Այսպիսի ընկալում Թուրքիայում, իմ ընկալմամբ, դեռ չկա։ Պետք է շարունակենք երկխոսությունը և՛ նախարարների մակարդակով, և՛ հատուկ բանագնացների մակարդակով, և՛ երկու երկրների ղեկավարների հանդիպումների ընթացքում»,- ասաց Միրզոյանը։
Հոկտեմբերի 24-ին Երևան-Անկարա կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն «Ազատության»-ը հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները շուտով կհանդիպեն՝ Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման համար անհրաժեշտ պայմանները գնահատելու համար։
Ռուբինյանն ու Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 30-ին՝ երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Չորրորդ հանդիպմանը, որը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 1-ին, պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Քըլըչը, սակայն, 2023-ի մարտի 2-ին հայտարարել էր, որ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Ռուբինյանը հունիսի 11-ին հայտնել էր, որ նշված պայմանավորվածության ուղղությամբ հայկական կողմը «Թուրքիայից քայլեր չի տեսնում»։
2024-ի օգոստոսի 1-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել էր, որ հայ-թուրքական սահմանի բացելու նախապայմանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է։