Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին ուղղված 12 առաջարկ է հրապարակել, որոնց թվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը, փոխադարձաբար էսկալացնող խոսույթներից հրաժարվելը։ Փաշինյանն իր գրառման մեջ ընդգծել է, որ պաշտպանունակ բանակ ունենալու ՀՀ իրավունքը կասկածի տակ դնելով՝ պաշտոնական Բաքուն փորձում է ՀՀ-ի դեմ անարգել ագրեսիա իրականացնելու հնարավորություն ստանալ։
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի պնդումներին, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջան» եզրույթին, «Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի հարցին»։ Փաշինյանը 12 կետերի մեջ նշել է, որ «երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը պետք է քննարկել ամբողջության մեջ, խաղաղության հաստատումից հետո ձևավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով»։
«Արևմտյան Ադրբեջանը Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբեյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է: Սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան: Եթե շատ են ուզում այլ տեղ փնտրել, Նախիջևանն էլ կարող ենք համարել Արևմտյան Ադրբեջան: Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան: Արևելյան Հայաստանը Իջևանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևելյան Հայաստան»,- հայտարարել է Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը պետք է քննարկի փախստականների իրավունքների հարցը՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո:
«Երբ Ադրբեջանն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի հարց» խոսույթը, այս ձևակերպման բերումով հենց ինքը փակում է որևէ քննարկման հնարավորություն, որովհետև ակնհայտ է դարձնում, որ փախստականների հարցը փորձում է օգտագործել միջազգային իրավունքի սուբյեկտ, ինքնիշխան պետություն ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու, Հայաստանից տարածքային պահանջներ ձևակերպելու համար: Հարցի քննարկման համար Ադրբեջանը նախ պետք է հրաժարվի «Արևմտյան Ադրբեջանի» և այդ կարգի խոսույթներից»,- գրել է վարչապետը։
Տարածաշրջանում երկարատև կայունություն ու խաղաղություն հաստատելու համար Ադրբեջանին ուղղված 12 առաջարկների թվում Փաշինյանը նշել է նաև Բերքաբեր-Ոսկեպար հատվածում իրականացված սահմանազատման փորձի և երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հիման վրա սահմանազատման գործընթացը շարունակելու անհրաժեշտության մասին։ Առաջարկների թվում է նաև խաղաղության պայմանագիր կնքելը, որը, ըստ Փաշինյանի, 90%-ով պատրաստ է։ Նա Բաքվին առաջարկել է աշխատել խաղաղության պայմանագրի կետերի ամբողջական և արդյունավետ իրագործման վրա։
«Առաջարկում ենք իրագործել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ լուծելով նաև Ադրբեջան-Ադրբեջան կապի հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքով և Հայաստան-Հայաստան կապի հարցն Ադրբեջանական Հանրապետության տարածքով։ Սա՝ համաձայն Կազանում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկների։ Առաջարկում ենք ամբողջ ինտենսիվությամբ աշխատել գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրա, ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը»,- ասված է Փաշինյանի գրառման մեջ։
Կառավարության ղեկավարն Ադրբեջանին առաջարկել է նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձևավորել, վերահաստատել է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնելու առաջարկը։
«Առաջարկում ենք հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում»,- հավելել է նա։
Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանը «տարածաշրջանի համար սպառնալիքի աղբյուր» և «ֆաշիստական պետություն» էր անվանել։ Նա հայտարարել էր նաև, որ Հայաստանի սպառազինումը «միայն նոր լարվածության կհանգեցնի»։
Հունվարի 8-ին Փաշինյանը, արձագանքելով Ալիևին, նշել էր, որ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել։