ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «դավաճանություն» է անվանել Հայաստանի կառավարության որոշումը՝ աջակցելու ԵՄ-ին անդամակցության սկզբի մասին օրինագծին։ Նա այս մասին գրել է իր Telegram-յան ալիքում։
Զատուլինի խոսքով՝ ԵՄ անդամ արևմտյան երկրները Հայաստանին կպահեն «կարճ շղթայի վրա», ինչը կնշանակի երկրի դուրս գալը Եվրասիական միությունից։
«Փաշինյանը գնում է Ռուսաստանի և Եվրասիական միության մյուս անդամների հետ հարաբերությունները դավաճանելու ճանապարհով՝ փորձելով ազատվել, ինչպես ինքն է կարծում, հետխորհրդային տարածքից»,- նշել է պատգամավորը։
Ավելի վաղ՝ հունվարի 9-ին, Կրեմլը մեկնաբանել էր կառավարության այս նույն որոշումը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Հայաստանը չի կարողանա միաժամանակ լինել ԵՄ և Եվրասիական միության անդամ։ Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է Թուրքիային, որը, նրա կարծիքով, «շատ տասնամյակներ շարունակ պահպանել է իր կողմնորոշումը դեպի ԵՄ անդամակցություն, բայց Բրյուսելի կողմից մեծ փոխադարձության չի հանդիպել»։
Կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն է տվել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրինագծին։ Օրինագիծը պաշտոնականացնում է Հայաստանի մտադրությունը՝ շարժվել դեպի եվրաինտեգրում, ինչպես նաև նախատեսվում է ստեղծել «ավելի աշխատանքային մթնոլորտ» ԵՄ ներկայացուցիչների հետ այս օրակարգի հետագա քննարկման համար։ Միաժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՄ-ին երկրի անդամակցության վերջնական որոշումը կարող է կայացվել միայն համապետական հանրաքվեի միջոցով։