Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բաքվին ուղղված առաջարկներին, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ի պատասխան Փաշինյանի՝ Ադրբեջանը կրկնել է Հայաստանի Սահմանադրությունից և օրենսդրական ակտերից Արցախի ինքնորոշման իրավունքին ու Հայոց ցեղասպանությանը վերաբերող դրույթները հանելու պահանջը։
«Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է իր հարևանների հետ խաղաղության հաստատմամբ, ինչո՞ւ եք դուք բոլոր միջոցներով հրաժարվում Ձեր Սահմանադրության և ազգային օրենսդրության շրջանակներում Արևմտյան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ հավակնություններից հրաժարվելու գործընթաց սկսել»,- հայտարարել է Հաջիզադեն։
Ըստ ադրբեջանական կողմի՝ «Փաշինյանի հիմնավորումը չի կարող Հայաստանի «բարի մտադրությունների» հաստատում համարվել»։
«Եվ ի՞նչ է իրականում նշանակում այս ամենը: Պարո՛ն Փաշինյան, թող ձեր գործողություններն ավելի շատ խոսեն, քան բառերը։ Հետաքրքիր է, որ ձեր «խաղաղասիրական պատմությունը» խուսափում է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն տարրից՝ պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելուց»,- հավելել է Հաջիզադեն։
Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանը «տարածաշրջանի համար սպառնալիքի աղբյուր» և «ֆաշիստական պետություն» էր անվանել։ Նա հայտարարել էր նաև, որ Հայաստանի սպառազինումը «միայն նոր լարվածության կհանգեցնի»։
Հունվարի 8-ին Փաշինյանը, արձագանքելով Ալիևին, նշել էր, որ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել։ Հունվարի 9-ին Փաշինյանն Ադրբեջանին ուղղված 12 առաջարկ էր հրապարակել, որոնց թվում էին ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը, փոխադարձաբար էսկալացնող խոսույթներից և պահանջներից հրաժարվելը։