ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին օրինագիծը երկիրը կանգնեցնում է ընտրության առջև։ Նա նաև Հայաստանի անդամակցելը ԵՄ-ին համեմատել է «Տիտանիկ»-ի տոմս գնելու հետ։
«ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են։ Երկու միավորումներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ։ Անհնար է պատկերացնել, որ այս երկու միավորումները ինչ-որ պահի կմիավորվեն։ Ուստի, Հայաստանի Հանրապետությունում քննարկվող «Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծն այս երկիրը դնում է ընտրության առաջ»,- Օվերչուկի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ եթե օրինագիծը մշակողները ազնիվ լինեին թե՛ Հայաստանի ժողովրդի, թե՛ ԵԱՏՄ այլ երկրների հետ, կարող էին անմիջապես նախագիծը լրացնել ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալու հոդվածով։
Փոխվարչապետը հայտարարել է, որ եթե Երևանի հարաբերությունները դադարեցվեն ԵԱՏՄ-ի հետ, ապա Հայաստանում կբարձրանան էներգակիրների և պարենային ապրանքների գները, իսկ հայկական ապրանքների արտահանումը կնվազի 80%-ով։
«Այսպիսով, հասարակ մարդիկ կկորցնեն եկամուտը, կկորցնեն աշխատանքը և ավելի շատ կվճարեն առաջին անհրաժեշտության ապրանքների համար: Դրա դիմաց նրանք, ամենայն հավանականությամբ, կստանան առանց վիզայի ռեժիմ, իսկ Հայաստանը կստանա հայաթափում։ Այժմ գնալով ավելի պարզ է դառնում, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը արտոնություն է, և հաշվի առնելով այն տնտեսական և սոցիալական խնդիրները, որոնց բախվում է Եվրամիությունը, ԵՄ-ին անդամակցելը կարելի է համեմատել «Տիտանիկ»-ի տոմս գնելու հետ»,- ասել է փոխվարչապետը։
Կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն է տվել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրինագծին։ Օրինագիծը պաշտոնականացնում է Հայաստանի մտադրությունը՝ շարժվել դեպի եվրաինտեգրում, ինչպես նաև նախատեսվում է ստեղծել «ավելի աշխատանքային մթնոլորտ» ԵՄ ներկայացուցիչների հետ այս օրակարգի հետագա քննարկման համար։ Միաժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՄ-ին երկրի անդամակցության վերջնական որոշումը կարող է կայացվել միայն համապետական հանրաքվեի միջոցով։
Ավելի վաղ՝ հունվարի 9-ին, Կրեմլը մեկնաբանել էր կառավարության այս նույն որոշումը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Հայաստանը չի կարողանա միաժամանակ լինել ԵՄ և Եվրասիական միության անդամ։