Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը մեկնաբանել է Վաշինգտոնում ստորագրվելիք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը՝ նշելով սպառնալիքներ չստեղծելու կարևորությունը, հայտնել է News.ru-ն։
Վաշինգտոնի հետ նման գործընկերության ստեղծումը հանրապետության ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում։ Սակայն այստեղ երկու կողմերի համար կարևոր է ելնել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքից։ Այսինքն՝ այդ գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային ասոցիացիաների համար»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։
Նա հավելել է, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության բնույթն ու հեռանկարները գնահատելու համար անհրաժեշտ է ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին։
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում կստորագրվի ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։
Հայաստանը ռազմավարական երկխոսություն էր սկսել ԱՄՆ-ի հետ 2022 թվականի մայիսին՝ Միրզոյանի և Բլինքենի Վաշինգտոնում հանդիպումից հետո։
Հունիսի 11-ին Միրզոյանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ երկխոսությունը ռազմավարական գործընկերության ընդլայնման ծրագրերի մասին։