Ռուսաստանը շարունակում է աշխատանքները Հայաստանի հետ կենսանվտանգություն ապահովելու հարցում երկկողմանի միջկառավարական փոխըմբռնման հուշագրի շուրջ և հուսով է, որ բանակցությունները կավարտվեն առաջիկայում: Այդ մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք հույս ունենք, որ հուշագրի շուրջ բանակցություններն առաջիկայում կավարտվեն»,-ասել է նա:
Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը համոզված է, որ այդ փաստաթղթի ստորագրումն ու դրա դրույթների իրականացումը դրական կանդրադառնա ոչ միայն երկու երկրների ժողովուրդների սանիտարահիգիենիկ բարեկեցության, այլ նաև ամբողջ հետխորհրդային տարածքի վրա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ դեռևս չստորագրված պայմանավորվածությունների մանրամասներն այդպիսի զգայուն հարցում ենթակա չեն հանրայնացման:
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդել էր, որ այդ հուշագրի նախագիծը ներկայում գտնվում է միջպետական համաձայնեցման գործընթացում, որը հետաձգվում է կորոնավիրուսի համավարակի հետևանքով երկրում արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ: