ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը:
Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քաղաքացիական ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրման արդյունքում։ Միջոցառման հեռարձակումը տեղի է ունեցել Պետդեպարտամենտի Youtube-ի ալիքում։
Բլինկենը նաև երախտագիտություն է հայտնել «հեռատեսության, խիզախության և ճկունության» համար, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանը դրսևորում են այդ գործընթացում՝ «ձգտելով ամուր խաղաղության»: «Դրանք բարդ ժամանակներ են շատ առումներով, և դրանք բարդ են Հայաստանի համար, բայց իմացեք, որ դուք ուժեղ և հավատարիմ ընկեր ունեք ԱՄՆ – ում», – ասել է նա:
Իր հերթին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարևորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերը, որը միջազգային հանրության մանդատն ունի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։
«Ես նաև գնահատում եմ ԱՄՆ-ի աջակցությունը հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և ԱՄՆ-ի ամուր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ, ինչպես նաև այդ դիրքորոշման հաստատումն այս տարի ևս», – ասել է նախարարը:
Նա նաև հայտարարել է, որ 2018 թվականին Հայաստանում իշխանափոխությունից հետո կողմերը համատեղ ջանքերով Վաշինգտոնի և Երևանի միջև համագործակցության մակարդակը բարձրացրել են ռազմավարական երկխոսության մակարդակի: