ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրույցը տեղի է ունեցել ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտից հետո:
«Մենք ձեզ հետ պարբերաբար կապի մեջ ենք երկկողմ օրակարգի բոլոր հարցերի և տարածաշրջանային խնդիրների շուրջ, այնուամենայնիվ, հարցերը միշտ շատ են, դա ակնհայտ է՝ հաշվի առնելով մեր երկխոսության ինտենսիվությունը», – հանդիպման սկզբում ասել է Ռուսաստանի նախագահը:
Նա նշել է, որ նախորդ տարվա ընթացքում նկատվում է ապրանքաշրջանառության պատշաճ աճ, ներդրումները շարունակվում են։ «Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում՝ արդեն եռակողմ ձևաչափով, Ադրբեջանի մեր գործընկերների հետ միասին։ Շատ հարցեր կան, ես ուրախ եմ ձեզ հետ միասին հանդիպելու և այդ ամբողջ համալիրի շուրջ խոսելու հնարավորության համար», – ասել է Պուտինը։
Իր հերթին Հայաստանի վարչապետը նշել է, որ երկու երկրների երկկողմ օրակարգն այնքան հագեցած է, որ կարելի է նույնիսկ ավելի հաճախ հանդիպել և քննարկել: «Իհարկե, մենք մշտական կապի մեջ ենք, հեռախոսով պարբերաբար խոսում ենք», – ասել է նա:
Փաշինյանը նշել է, որ մարտ-ապրիլ ամիսների որոշ անկումից հետո նախատեսվում է ակտիվացնել երկկողմ տնտեսական հարաբերությունները: «Տնտեսության վերաբերյալ. Ուզում եմ նաև նշել, որ մարտ-ապրիլ որոշ անկումից հետո նախատեսվում է երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացում, իհարկե, մենք նշում ենք ներդրումային հետաքրքրությունը ռուսական բիզնեսի կողմից՝ ներդրումներ կատարել Հայաստանում։ Ես գիտեմ, որ այս հարցում դուք էլ որքան էլ դրդում եք ռուս գործարարներին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ դրա համար», – հայտարարել է վարչապետը:
Նա հայտարարել է, որ ակնկալում է հանդիպման ընթացքում քննարկել տարածաշրջանային անվտանգության և ղարաբաղյան կարգավորման հարցերը:
«Եվ իհարկե, ես հույս ունեմ և վստահ եմ, որ այսօր մենք կքննարկենք նաև տարածաշրջանային անվտանգության, կայունության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը, ինչպես մենք մեր համատեղ հայտարարության մեջ նշել ենք, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Կցանկանայի ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ և քննարկել այդ հարցը նույնպես», – հայտարարել է նա։