Պաշտոնական այցով Իսպանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իսպանացի գործընկերոջը՝ Խոսե Մանուել Ալբարես Բուենոյին։
Մամուլի համար համատեղ հայտարարության մեջ Միրզոյանը նշել է, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել Խոսե Մանուել Ալբարես Բուենոյին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար։
«Ուրախ եմ Մադրիդ այցելել Հայաստանի և Իսպանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում, ինչը, համոզված եմ՝ լավ առիթ է՝ վերարժևորելու մեր երկու երկրների միջև հարաբերություններում առկա ներուժը և նոր լիցք հաղորդելու երկկողմ փոխշահավետ համագործակցությանը: Այս համատեքստում հատկանշական է նաև, որ մեր դիվանագիտական հարաբերությունների պատմության ընթացքում այսօրվա այցը ՀՀ արտգործնախարարի երկկողմ օրակարգով առաջին այցն է Իսպանիա»,- նշել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ ցանկանում է նաև գոհունակություն հայտնել Հայաստանում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու վերաբերյալ Իսպանիայի կառավարության որոշման կապակցությամբ։ «Հուսով եմ, որ առաջիկայում ներկայացուցչությունը նաև հյուպատոսական ծառայություններ կմատուցի, ինչը մեծապես կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության ծավալների աճին։ Վստահ եմ, որ այս կարևոր քայլը դրական ներդրում կլինի հայ-իսպանական միջպետական հարաբերությունների հետագա ակտիվացման համար»,- նշել է Միրզոյանը։
ԱԳ նախարարը նաև նշել է, որ կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության մի շարք հարցերի:
«Ես գործընկերոջս հանգամանալից ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի տեսլականը՝ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման վերաբերյալ։
Վերահաստատել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ շարունակելու Ադրբեջանի հետ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ։
Անդրադարձ ենք կատարել նաև 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին: Խոսել ենք Ադրբեջանում ցայսօր պահվող հայ ռազմագերիների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության և հումանիտար բնույթի այլ մնացած խնդիրների վերաբերյալ։
Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի կառավարությունը իր կողմից անհրաժեշտ ջանքեր է գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման և սահմանային անվտանգության, թե՛ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- նշել է Միրզոյանը՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, և օգտագործելով առիթը՝ իր գործընկերոջը պաշտոնապես հրավիրել է Հայաստան։