Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները։
Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունների անհրաժեշտությունը և նոր ագրեսիաները կանխելու նպատակով գործուն քայլերի իրականացումը։ Այս համատեքստում նա կարևորել է հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ հանդիպումների ընթացքում Հնդկաստանի բարձրաձայնած դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: