Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում փորձել է համոզել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին խաղաղության պայմանագրի, այսպես կոչված, «բրյուսելյան փաթեթում» դրույթ ներառելու անհրաժեշտության մասին, որը գոնե որոշակի առնչություն ունի Արցախի հետ, գրում է «Փաստ»-ը՝ վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները։
«Միրզոյանը հասկացրել է, որ թեկուզ անորոշ, լղոզված, վերացական ձևակերպումներով, բայց անհրաժեշտ է ընդգրկել «Արցախ» ձևակերպումը՝ ակնարկելով, որ այդ քայլով հայաստանյան հանրային դաշտում տրամադրությունների կտրուկ փոփոխություններ կլինեն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակի օգտին»,- գրում է թերթը։
Ամերիկյան կողմը, ըստ թերթի, դեռ վերջնական պատասխան չի տվել։
Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որին հաջորդել է եռակողմ հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները «կարծիքներ են փոխանակել պոտենցիալ խաղաղ պայմանագրի տարրերի շուրջ և հայտարարել, որ կան մի շարք խնդիրներ, որոնք պետք է լուծվեն»։ Նրանք նաև պայմանավորվել են արագացնել բանակցությունները և առաջիկա շաբաթներին ևս մեկ հանդիպում անցկացնել։