ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Վաշինգտոնում կտևեն մինչև հունիսի 29-ը։
«Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները կսկսվեն երեքշաբթի և կշարունակվեն մինչև հինգշաբթի»,- ճեպազրույցի ժամանակ նշել է նա և հավելել, որ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։
Միլլերի խոսքով՝ շաբաթվա ընթացքում ավելի շատ մանրամասներ հայտնի կդառնան։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հասանելի է, իսկ ուղիղ երկխոսությունը մնացած հարցերի լուծման բանալին է»,- եզրափակել է Պետքարտուղարության խոսնակը։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հունիսի 25-ին Արարատ Միրզոյանը մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 26-ին կսկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։
Հունիսի 8-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Միրզոյանի հանդիպումը Բայրամովի հետ, որը նախատեսված էր հունիսի 12-ին Վաշինգտոնում, հետաձգվել է Բաքվի խնդրանքով։ Նույն օրն Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ աշխատանքներ են տարվում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ստույգ ժամկետը ճշտելու ուղղությամբ և հույս է հայտնել, որ մոտ ապագայում հանդիպումը կկայանա։
Միրզոյանի վերջին հանդիպումը Բայրամովի հետ տեղի էր ունեցել մայիսի 1-4-ն ԱՄՆ-ում՝ ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ։ Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել էր, որ Երևանն ու Բաքուն «շոշափելի առաջընթաց» են գրանցել, և վերջնական համաձայնությունը «հասանելի է»:
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը․Ահմեդի
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ սովորական, դիվանագիտական և պաշտոնական, հայտնել է Կոսովոյի փոխարտգործնախարար Կրեշնիկ Ահմեդին։ «Սա նշանակալի...