Ռուսաստանը կենսականորեն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ընթացող Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպմանը։
«Մեր ջանքերն ուղղված են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանը, հումանիտար խնդիրների լուծմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը»,- ասել է նա։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ իրավիճակը «տեղում», մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական փակման և Լեռնային Ղարաբաղում շրջափակման պատճառով բարդացնում է բանակցային գործընթացը։
«Այժմ Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ ճգնաժամ է։ Իրավիճակը մոտ է իրական հումանիտար աղետին»,- հավելել է Միրզոյանը։
Միրզոյանը նշել է, որ եթե Երևանն ու Բաքուն չկարողանան լուծում գտնել, իսկ Ադրբեջանը չդադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ապա հումանիտար աղետը «տեղում» բացասաբար կանդրադառնա ընդհանուր բանակցությունների վրա։ Արտգործնախարարն ընդգծել է, որ, այնուամենայնիվ, Հայաստանը կառուցողական տրամադրվածություն ունի։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների Մոսկովյան նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 19-ին։ Լավրովի հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել էր, որ Ռուսաստանը չի վերահսկում Լաչինի միջանցքը․ «Թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ ասվում է, որ միջանցքը պետք է մնա Ռուսաստանի վերահսկողության տակ, ցավոք, դա հիմա չի կարելի ասել»,- ասել էր նա։ ՌԴ Արտգործնախարարը հայտարարել էր, որ կողմերը մոտ են վերջնական համաձայնությանը և դրական արդյունքի հույս էր հայտնել։
Ավելի վաղ՝ մայիսի 1-4-ը, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները բանակցություններ էին ունեցել ԱՄՆ-ում։ Վաշինգտոնում նրանք հանդիպել են Էնթոնի Բլինքենի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Բանակցություններից հետո Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել, սակայն որոշ հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները դեռևս տարբերվում են։