Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակումներին, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճին վերաբերող հարցեր, հայտնում են կառավարությունից։
«Երկուստեք կարևորվել է խաղաղ բանակցային ճանապարհով առկա հիմնախնդիրների կարգավորումը», – ասված է հաղորդագրության մեջ։
Ղարիբաշվիլիի նել է, որ պատրաստ է ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության: Փաշինյանը վերահաստատել է, որ պատրաստակամ է հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:
Վարչապետն ընդգծել է հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին, ինչպես նաև բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին:
Ավելի վաղ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճ քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի հետ: