ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը զորավարժության ամերիկյան կողմի հետ քննարկել և համաձայնեցրել է հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նշվում է, որ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության դաշտային շարժական հոսպիտալ։
«Այցի ընթացքում ԱՄՆ կազմակերպիչների կողմից պատվիրակությանն են ներկայացվել զորավարժության մտահղացումը, իրականացվող միջոցառումները, զորավարժության ընթացքը և փոխգործակցության կազմակերպումը։ Պատվիրակությունը եղել է հոսպիտալի ծավալման շրջանում, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին, վարժանքների կազմակերպման ընթացքին, պայմաններին, զրուցել և ոգևորել է զորավարժությանը մասնակցող բժշկական անձնակազմին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ ինչպես զորավարժության կազմակերպիչների, այնպես էլ մասնակից այլ պետությունների կողմից բարձր են գնահատվել ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալի պատրաստվածությունը, տարբեր իրավիճակներում արագ արձագանքելու ու գործելու կարողությունը, ինչպես նաև անձնակազմի անհատական պատրաստվածության ու արհեստավարժության մակարդակը։
Սեպտեմբերի 15-ին, հայտնի էր դարձել, որ «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժությունների շրջանակում Հայաստան են այցելել ԱՄՆ 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնը և ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսը։
Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխտեղակալ Յուրի Քիմը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև կայացած լսումների ժամանակ հայտարարել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Հայաստանին օգնությունն ավելացնելու անհրաժեշտության մասին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտարարել է, որ սեպտեմբերի 11-20-ն կանցկացվեն «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժություններ։ Պենտագոնից հայտնել են, որ զորավարժությանը կմասնակցեն 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգուշավորություն է առաջացնում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննադատել է Հայաստանում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը։