Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու մասին որոշում կայացնի։
«Ադրբեջանը չի սահմանափակվի արցախահայության կոտորածով. նրանք, ովքեր ճանաչում են այդ տարածաշրջանը և ծանոթ են այդ հակամարտությանը, շատ լավ հասկանում են, որ գործը չի սահմանափակվի միայն Լեռնային Ղարաբաղով»,- X-ում (նախկին Twitter) գրել է նա։
Սենատորը հիշեցրել է, որ Հայաստանը բազմիցս հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ, իսկ միջազգային հանրությունը, որը մոբիլիզացրել է բոլոր ռեսուրսներն Ուկրաինայի համար, լքել է հայերին և դարձել էթնիկ զտումների լուռ վկան:
«Ժամանակն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այդ տարածաշրջան խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշում կայացնի, որպեսզի հայոց նոր ցեղասպանությունից հետո ստիպված չլինենք նորից «կոկորդիլոսի արցունքներ» թափել»,- հայտարարել է ֆրանսիացի սենատորը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, բայց Ադրբեջանը սեպտեմբերի 21-ին կրկին խախտել էր հրադադարը։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում էր տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին՝ ավելի ուշ, պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել էր, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։