ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են նաև ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության օրակարգի հետ կապված հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերի:
ՀՀ վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի նախորդ հեռախոսազրույցները տեղի էր ունեցել սեպտեմբերի 19-ին, կողմերը քննարկել էին իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։