ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում ասել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ անվտանգության և էներգետիկայի դիվերսիֆիկացման հարցերում։ Նամակը Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նամակում ԱՄՆ նախագահը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ՝ նշելով, որ «այս տարի, երբ նշում ենք այս վեհ առիթը, մենք նաև սգում եք Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի մահը»։
«Ես խնդրել եմ Սամանթա Փաուերին՝ իմ կաբինետի կարևորագույն անդամներից մեկին, անձամբ Ձեզ փոխանցել Միացյալ Նահանգների և իմ վարչակազմի ուժեղ աջակցությունը Հայաստանի ձգտմանը դեպի արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղություն, որը կերաշխավորի ձեր սուվերենությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը»,- ասված է նամակում։
Նշվում է, որ Հայաստանը ցույց է տվել իր հավատարմությունն այդ նպատակին՝ մասնակցելով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններին, ինչպես նաև իրականացնելով «կարևոր տնտեսական բարեփոխումներ, բարելավելով կառավարության հաշվետվողականությունը և ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտները»։ Բայդենը վստահեցրել է Փաշինյանին, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Հայաստանին «երկրում ժողովրդավարության ամրապնդման և նրա միջավայրում կայունության ձգտման գործում»։
«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել ձեր կառավարության հետ` հասցեագրելու վերջին բռնություններից բխող մարդասիրական կարիքները, որոնք տիկին Փաուերը Ձեզ հետ մանրամասն կքննարկի։ Մենք նաև կշարունակենք ամրապնդել մեր համագործակցությունն էներգետիկ դիվերսիֆիկացման, դիմակայունության և անվտանգության հարցերում, ինչպես ցույց են տվել մեր վերջին զորավարժությունները»,- ասված է նամակում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:
Կառավարության փոխանցմամբ՝ վարչապետը ողջունել է տիկին Փաուերի այցը մեր երկիր այս դժվար ժամանակաշրջանում։
«Դուք տեղյակ եք, որ դժբախտաբար այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման գործընթացը շարունակվում է, այն հենց հիմա տեղի է ունենում, և դա շատ ողբերգական փաստ է։ Մենք փորձում էինք միջազգային հանրությանը տեղեկացնել, որ այս էթնիկ զտումը տեղի է ունենալու, բայց, դժբախտաբար, մեզ չհաջողվեց այն կանխել։ Բայց այս իրավիճակը և լարվածությունը մեր տարածաշրջանում շարունակում է աճել, և այժմ շատ կարևոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել հետագա էսկալացիան և նույնիսկ ավելի մեծ խնդիրները կանխելու համար։ Շատ ուրախ եմ այս հնարավորության համար և ողջունում եմ Ձեզ մեր երկրում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Իր հերթին Սամանթա Փաուերը նշել է, որ հաշվի առնելով տվյալ իրավիճակը նախագահ Բայդենն իրեն և իր պատվիրակությանը գործուղել է ՀՀ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը հանձնառությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ։
«Մենք ժամանել ենք Հայաստան և հուսով եմ կրկին առիթ կունենամ գալու՝ քննարկելու մեր այն քայլերը, որոնք ուղղված են ձեր խորացող ժողովրդավարության ամրապնդմանը, բայց այս այցի ընթացում մենք, իհարկե, կենտրոնացած ենք կոնկրետ ճգնաժամի, Լեռնային Ղարաբաղի մարդկանց մարդասիրական կարիքների, Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմած մարդկանց մարդասիրական կարիքների վրա։ Կարծեմ մոտ 5000 մարդ է անցել Հայաստան այսօր, և մենք իսկապես շատ լուրջ ենք վերաբերվում մեր պատասխանատվությանը՝ կենտրոնացնել ռեսուրսները, ինքներս մեզ, որպեսզի աջակցենք տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կեցության վայրեր և այլ աջակցության միջոցներ գտնելու գործում, բայց նաև խթանել, որ այլ երկրները նույնպես անեն նույնը»,- նշել է Փաուերը։
Նա ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակեն աշխատել թե՛ ձեր, թե՛ Ադրբեջանի կառավարության հետ՝ երկրների միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ, նաև հաշվի առնելով, թե ինչպիսի խորը տնտեսական շահույթ և կայունություն կապահովի այն հայ ժողովրդի համար։ Նա նաև նել է, որ քայլերը, որը ՀՀ վարչապետը ձեռնարկել է իշխանությունների տարանջատման հարցում, կոռուպցիայի դեմ պայքարում՝ ներդրումներ են Հայաստանի ապագայի մեջ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։