ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղակայել է աղետների աջակցության արձագանքման թիմ (DART)՝ ԱՄՆ-ի մարդասիրական արձագանքը համակարգելու համար, Հայաստան կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերը։
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի խոցելի բնակչության և Հայաստան փախած ավելի քան 50,000 մարդկանց անվտանգությամբ։ Մենք երախտապարտ ենք Հայաստանի կառավարությանը նոր ժամանածներին ողջունելու և նրանց ապաստան գտնելու հարցում օգնելու համար, ինչպես նաև մարդասիրական կազմակերպություններին, որոնք աշխատում են հրատապ կարիքները լուծելու համար: DART-ը կգնահատի իրավիճակը, կբացահայտի առաջնահերթ կարիքները՝ օժանդակությունը մեծացնելու համար և կաշխատի գործընկերների հետ՝ շտապ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Փաուերը նշել է, որ նախորդ շաբաթվա անընդունելի ռազմական գործողությունն է՛լ ավելի է վատթարացրել առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը։
«Ինը ամիս Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով կյանքի կարևոր ճանապարհը, որն ապահովում էր Լեռնային Ղարաբաղի բնակիչներին պարենի, դեղորայքի, վառելիքի և առևտրային մատակարարումները, և դրանց սուր պակաս էր ստեղծել: Ադրբեջանը պետք է պաշտպանի քաղաքացիական բնակչությանը, կատարի իր երկրում մարդու իրավունքները և բոլոր անձանց հիմնարար ազատությունները հարգելու իր պարտավորությունները և ապահովի, որ իր ուժերը պահպանեն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը»,- ասված է ՄԶԳ ղեկավարի հայտարարության մեջ:
Նշվում է, որ հաշվի առնելով կարիքների մասշտաբը՝ Միացյալ Նահանգները այս շաբաթվա սկզբին հայտարարել է 11,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնության մասին՝ աջակցելու Հարավային Կովկասի այն համայնքներին, որոնք տուժել են շարունակվող ճգնաժամից:
«Սա ի հավելումն ավելի քան 23 միլիոն դոլարի է, որը Միացյալ Նահանգները տրամադրել է հումանիտար օգնություն 2020 թվականից ի վեր՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի։ Այս միջոցները կօգտագործվեն ամեն ինչ տրամադրելու համար՝ սկսած սնունդից մինչև հոգեսոցիալական աջակցություն՝ օգնելու հաղթահարել բռնության և զանգվածային տեղահանումների հետևանքով առաջացած տրավմաները»,- ասված է Փաուերի հայտարարության մեջ:
Սեպտեմբերի 26-ին Կոռնիձորում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիների հետ հանդիպումից հետո ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղ միջազգային դիտորդներ ուղարկելու անհրաժեշտության մասին։ Փաուերը նաև հայտարարել էր, որ անհրաժեշտ է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի նման կազմակերպությունները մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։