Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել Հայաստանի հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին՝ իր պաշտպանությունն ապահովելու համար, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։
«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը ապագայում Հայաստանի հետ պայմանագիր կնքելու համար, որը թույլ կտա Հայաստանին տրամադրել զինտեխնիկա՝ ապահովելու նրա պաշտպանությունը»,- ասել է Կոլոննան՝ նշելով, որ չի կարող մանրամասներ հայտնել այդ հարցի վերաբերյալ։
Նա նաև ասել է, որ պաշտոնապես դիմել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ ընդլայնելու ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում և ուժեղացնելու մանդատը և առաջարկելով Հայաստանը ներառել Խաղաղության եվրոպական հիմնադրամում՝ Մոլդովայի համար իրականացվող ծրագրի նմանությամբ։
Ընդգծվել է, որ Փարիզը շատ զգոն է լինելու Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգների հարցում։ Կոլոննայի խոսքով՝ Ֆրանսիան ցանկանում է, որ ԵՄ-ն և դաշինքի անդամ երկրները սկսեն Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ նույն հստակ ազդանշաններն ուղարկել, ինչ անում է Ֆրանսիան։ «Ցանկացած գործողություն, որը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, կարժանանա շատ հստակ և կոշտ արձագանքի»,- ընդգծել է Կոլոննան։
Ֆրանսիայի արտգործնախարան ասել է, որ հոկտեմբերի 2-ին Կիևում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Կարող եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները դրդում են մեր մի շարք գործընկերների փոխել իրենց դիրքորոշումը, տեսլականը Կովկասում տեղի ունեցողի վերաբերյալ»,- նշել է նա։
Ըստ Կոլոննայի՝ Փարիզը կարծում է, որ Ռուսաստանը չի կատարել 2020 թվականի հայտարարությամբ նախատեսված իր պարտավորությունները։ «Ռուսաստանը պետք է ապահովեր քաղաքական լուծման ձեռքբերումը և լուծեր չլուծված խնդիրները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Նա չի կատարել իր պարտավորությունները»,- ասել է ֆրանսիացի նախարարը։
Վերջինս նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների արտագաղթը տարածաշրջանից վտանգի սպառնալիքով է իրականցվել։ Պատասխանելով այն հարցին, թե ինչու Փարիզը, խոսելով Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների մասին, չի օգտագործում Երևանի խոսելաոճը էթնիկ զտումների մասին, Կոլոննան ասել է. «Ես խոսում եմ ծանր հանցագործության մասին։ Ես չեմ ուզում հանցագործությանը իրավական գնահատական տալ, բայց ասում եմ, որ դա հանցագործություն է։ Ես ասացի, որ այս մեկնումը (Լեռնային Ղարաբաղի բնակիչների – խմբ.) տեղի է ունեցել սպառնալիքի տակ։ Ես նշեցի, որ Հայաստանը միանում է Միջազգային քրեական դատարանին, որն իրավասու է հետաքննել մի շարք հանցագործություններ»։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին ՝ եվլախում, երկրորդը՝ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում, երրորդը սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։