Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին առնչվող և անվտանգային այլ հարցեր:
Ավելի վաղ Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը հայտնել էր, որ Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր կստորագրվի։
Հոկտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտնել էր, որ Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել Հայաստանի հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին՝ իր պաշտպանությունն ապահովելու համար։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։