Գրանադայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ, որի շրջանակում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային իրադրությանը և Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Ուրսուլա Ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին` ԼՂ հայության հումանիտար խնդիրների լուծմանն օժանդակելու նպատակով: Նշվել է, որ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով եվրահանձնակատարը կժամանի Հայաստան՝ հետագա կարիքները գնահատելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերն անդրադարձել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ հետագա համագործակցությանը:
Վերջին տվյալներով ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված անձանց թիվը կազմում է 100․632։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։