Հայաստանը, ցավոք, միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ գագաթնաժողովում, փոխանցում է Բելտա գործակալությունը։
«Վրաստանն առաջինը լքեց մեր ասոցիացիան, հիմա էլ Ուկրաինան մեզ հետ չէ: Մոլդովայի հետ կապված մեծ հարցեր կան: Հայաստանն էլ, ցավոք, միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»,- ասել է Լուկաշենկոն:
Նա ընդգծել է, որ Արևմուտքը մինչ օրս չի հրաժարվում իրենց խարխլելու, թուլացնելու և իր շահերին ստորադասելու փորձերից և նշել, որ դրան չի կարելի հեռվից հանգիստ հետևել։
«Հակառակ դեպքում մենք պարզապես կտոր-կտոր կլինենք: Եվ, առաջին հերթին, կտուժեն հասարակ մարդիկ՝ մեր երկրների ժողովուրդները: Ուստի մենք՝ պետությունների ղեկավարներս, պետք է կատարենք մեր ընտրողների կամքը: Եվ գոնե լուծենք մեր խոստացած խնդիրները: Եվ սկզբունքորեն, այսօր ժամանակն է ավելի քննադատաբար գնահատելու իրավիճակը Համագործակցությունում: Չպետք է մեր գլուխները թաղենք ավազի մեջ: Տեսնում ենք, որ բոլոր հին հակամարտությունները, որոնք ժամանակին նետել էին մեզ վրա, անխուսափելիորեն ի հայտ են գալիս շատ տխուր հետևանքներով, փառք Աստծո, որ այդ հակամարտությունները կարգավորելու ոչ միայն միտում կա, այլ դրանցից մի քանիսը հաջողությամբ հաղթահարվել են»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը նաև նշել է, որ Խորհրդային Միությունում ծնված և մեծացած քաղաքական գործիչների ներկայիս սերունդն է, որ պետք է լուծի առկա խնդիրները։
«Այն արժեքներն ու օգուտները, որոնք մենք միավորել ենք և հիմա էլ միավորում ենք։ Եկեք դա իրականացնենք, և մեզ կրկին կմիանան նրանք, ովքեր այսօր իրենց խնդիրների լուծումը տեսնում են ինչ-որ տեղ արտասահմանում, իսկ այնտեղ, ընդհանուր առմամբ, քիչ են պատկերացնում, թե որտեղ են գտնվում մեր երկրները»,- ասել է նա։