Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել Իսրայելում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջեյքոբ Լյուին օգնել դադարեցնել իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին, հաղորդում է հանձնաժողովը X-ում (նախկինում՝ Twitter):
«Որպես հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման կողմ՝ Միացյալ Նահանգները պատասխանատվություն է կրում ապահովելու, որ մեր ռազմական գործընկերները չխաթարեն խաղաղության երկարաժամկետ հեռանկարները՝ յուղ լցնելով տարածաշրջանային կատաղի կրակների վրա», – ասել է ANCA-ի հաղորդակցության գծով տնօրեն Ալեքս Գալիցկին։
Գալիցկին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին տված ցուցմունքում նշել է, որ Ադրբեջանի ռազմական զինանոցի մինչև 70%-ը եկել է Իսրայելից և օգտագործվել Լեռնային Ղարաբաղում ռազմական ագրեսիայի և էթնիկ զտումների ժամանակ։
ANCA-ն նաև կոչ է արել Լյուին «Իսրայելի ղեկավարությանը հասցնել բարոյական հրամայականը՝ վերջ դնելու Հայոց ցեղասպանության ժխտմանը և միանալ Ամերիկայի ժողովրդին՝ ազնվորեն ճանաչելու և հիշելու այս հանցագործությունը, մի երկրի, որը նույնպես ցեղասպանություն է վերապրել»:
Հանձնաժողովը հիշեցրել է, որ որպես ԱՄՆ ֆինանսների նախարար՝ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք, Լյուն գլխավորել է ԱՄՆ պատվիրակությունը Հայաստանում՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը 2015 թվականին:
Հոկտեմբերի 4-ին ֆրանսիական Intelligence Online հրատարակությունը հայտնել էր, որ Pegasus ծրագրի մշակողը՝ իսրայելական NSO Group կիբեր ընկերությունը, վերջին տարիներին օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Իսրայելի աջակցությունը որոշիչ է եղել սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված օպերացիայի հաջողության մեջ, որի ընթացքում զոհվել է առնվազն 200 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 400-ը։