ՀԱՊԿ երկրներն աջակցում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերին, հայտարարել է կազմակերպությունը Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով ընդունված հռչակագրում։
«Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ զերծ մնալու միջպետական հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից և պարտավորվում մեր ու այլ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով»,- ասվում է հռչակագրում։ Երկրները նշել են նաև ՀԱՊԿ-ում ձևավորված մեխանիզմի արդյունավետությունը միջազգային հարցերի շուրջ արտաքին քաղաքական դիրքորոշումների համակարգման համար։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գագաթնաժողովի շրջանակում ասել էր, որ «հայկական գործոնը» լինելու է կազմակերպության ղեկավարների քննարկման օրակարգում։