ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մինսկում կայացած գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների բացակայության համար և հույս հայտնել, որ Երևանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը և կմնա Մոսկվայի դաշնակիցը, փոխանցում է «ТАСС»-ը:
Պեսկովը նշել է, որ գագաթնաժողովի օրակարգում է եղել ,այսպես կոչված, «հայկական գործոնը» և այդ հարցի շուրջ մտքերի փոխանակումը։ «Իհարկե, ՀԱՊԿ-ը շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը, հուսով ենք, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը, Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության առումով: Շարունակե՛ք խոսել նրանց հետ»,- եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ իր «հայ ընկերներին» կոչ էր արել մասնակցել ԵԱՏՄ Գերագույն խորհրդի դեկտեմբերին կայանալիք նիստին:
Նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ ՀՀ վարչապետը չի մասնակցի նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին։ Բելառուսի նախագահը ՀՀ վարչապետին խորհուրդ էր տվել «հապճեպ որոշումներ չընդունել»։ ՀԱՊԿ խորհրդի նիստերին չմասնակցելու մասին հայտնել էին նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը: ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էր, որ այս մասին նախարարը հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում։