ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ Բրյուսելում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հայտնել է ԵՄ խորհրդի կայքը։
«Ցավոք, մենք նորից խնդիրներ ունենք, այո՞»,- հարցրել է Բորելը, ինչին Միրզոյանը պատասխանել է. «Ցավոք, այո՛»:
Բորելը նախագահել է ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի նիստը, որտեղ Միրզոյանի հետ քննարկել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ավելի հավակնոտ ծրագրի իրագործման հնարավորությունը։ Հայաստանի արտգործնախարարը քննարկել է նաև ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի մեղմացման հեռանկարները։
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։
ՔԿ-ն 4 անձի սպանության և մեկին վիրավորելու դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել: