Ղազախստանը հրաժարվել է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի՝ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովին:
«Նման բանակցություններ նախատեսվում են մեզ մոտ՝ Ալմաթիում։ Մենք այժմ կապի մեջ ենք Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև»,- դիվանագետի խոսքը մեջբերել է գործակալությունը։
Սմադիյարովը հստակեցրել է, որ «Աստանայի միջնորդության մասին խոսք չկա»։ Նրա խոսքով՝ Աստանան բարի կամքի ծառայություններ է մատուցում, այսպես ասած, «good offices», որը պետությունը տրամադրում է երրորդ կողմերի միջև վեճերը կարգավորելու համար: Այն տարբերվում է միջնորդությունից, քանի որ չի ենթադրում պետության անմիջական մասնակցություն հակամարտության կարգավորմանը, միայն աջակցում է երկրների միջև նախնական շփումների հաստատմանը:
Ապրիլի 29-ին Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Միրզոյանն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ կհանդիպի Ալմաթիում։ ԱԳՆ-ից չէին նշել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ամսաթիվը և այլ մանրամասներ:
Ապրիլի 26-ին ԱԳՆ խոսնակն Armenia Today-ին հայտնել էր, որ ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնեն դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես։ Ապրիլի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել էր, որ Ղազախստանը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների հարթակ տրամադրել։ Ղազախստանում ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին ավելի վաղ համաձայնել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։