Հյուսիս-հարավ ճանապարհը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, Պեկինում Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շոկրատ Զաքիրի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Արշակյանը նշել է, որ նախագիծը ՀՀ կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի մասն է։ Կողմերն ընդգծել են «Խաղաղության խաչմերուկ» ու «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությունների կարևորությունն ու նշել դրանց ընդհանուր կետերը:
ԱԺ փոխնախագահը նշել է, որ ՀՀ-ն Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկը, որն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում: Նա ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում «Մեկ Չինաստան» սկզբունքին:
Արշակյանի խոսքով՝ Հայաստանը ձգտում է ընդլայնել իր մասնակցությունը բազմակողմ համագործակցության տարածաշրջանային կառույցներում: Այս տեսանկյունից նա առանձնացրել է Շանհայի կազմակերպության շրջանակում համագործակցության որակական զարգացման անհրաժեշտությունը:
Քննարկվել են ճանապարհաշինության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ համագործակցության արդյունավետությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները։
Շեշտվել է, որ Չինաստանը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, ինչպես նաև արտաքին հարաբերություններում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը:
Զաքիրը ցավակցություն է հայտնել Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ին տեղի ունեցած բնական աղետի կապակցությամբ և Չինաստանի աջակցությունն է հայտնել աղետի գոտու վերականգնման հարցում:
Արշակյանի գլխավորած պատվիրակության կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հայկ Ցիրունյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը