Հուլիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի էկոնոմիկայի նախարար Սայիդ Մոհամեդ ալ Դաքրիի հետ և քննարկել են տարածաշրջանային համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հանդիպումը կայացել է նախարար Միրզոյանի՝ Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում: Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև ձևավորված քաղաքական երկխոսությանը համահունչ նաև ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները:
«Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմանը, այդ նպատակով տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման և ընդլայնման կարևորությանը: Այս համատեքստում Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով դրա իրականացման միջոցով տարածաշրջանային կայունության ու տնտեսական զարգացման համար ընձեռնվող հնարավորությունները»,- հայտնում է գերատեսչությունը:
Նշվում է, որ մտքեր են փոխանակվել նաև թվայնացման ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման շուրջ: Միրզոյանն Օմանի նախարարին ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը:
Հուլիսի 15-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Միրզոյանը հուլիսի 15-ին և 16-ին աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում և կմասնակցի ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին։