ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել՝ հայ-ռուսական հարաբերությունները քննարկելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։
ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։
Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։
Կրեմլից տեղեկացնում են, որ քննարկումները շարունակվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ, այդ թվում՝ հաշվի առնելով Պուտինի բանակցություններն Ալիևի հետ Բաքու պետական այցի ընթացքում։
«Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի խթանման, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում»,- ասված է հաղորդակցությունում։
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակության ընթացքում հատկապես նշվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան։
Օգոստոսի 19-ին Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ մտադիր է Բաքվում կայացած բանակցությունների արդյունքները ներկայացնել Փաշինյանին։ ՌԴ նախագահը հայտնել էր նաև Հարավային Կովկասում անդրսահմանային ճանապարհների բացմանն աջակցելու պատրաստակամության մասին։
Պուտինը Բաքվում էր օգոստոսի 18-19-ը՝ պետական այցով։ Նա Ալիևի հետ քննարկել էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Ալիևը Հարավային Կովկասի անվտանգությունը կապել էր ՌԴ-ի և Ադրբեջանի համագործակցության հետ։