Արմեն Չարչյանի վիճակն այնքանով է մտահոգում, որ նա խցում համարյա ժամեր չի անցկացրել: Նա իր ազատազրկման ընթացքում անընդհատ եղել է բժշկական հսկողության ներքո՝ թե՛ մեր, թե՛ քաղաքացիական բուժհաստատություններում: Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
«Ինչ վերաբերում է առանձին ազատազրկված անձանց այցելելուն, չկա հատուկ ցուցում կամ անհանգստություն, որ մեր բժիշկները կամ կալանավայրի աշխատակիցները չեն կարողանում ապահովել, որպեսզի նախարարն այցելի, իսկ քաղաքական ընտրությամբ որևէ մեկին այցելելը, կարծում եմ, կլիներ շատ խտրական»,- պարզաբանեց Անդրեասյանը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին Չարչյանի առողջության վատթարացման հիմքով հրատապ դատական նիստ էր նշանակվել։ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը, ըստ պաշտպանական կողմի, կտրուկ վատթարացել էր օրեր առաջ, ինչը պայմանավորված է նրա մոտ առկա շաքարային դիաբետով․ նա տեղափոխվել էր «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն. «Պնդում եմ՝ Արմեն Չարչյանի մոտ ախտորոշված հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ և պրոֆեսորն օր առաջ պետք է ազատ արձակվի»,- հայտարարել էր պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ հրապարակվել էր ձայնագրություն, որում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել էր, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել բավարարել Գլխավոր դատախազության բողոքը և «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին կրկին կալանավորել։