Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Նիստին ներկա են գտնվել մի շարք արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ՝
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը,
«Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը,
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը,
«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը,
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը,
Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը,
Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը,
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը,
Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը,
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:
Նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ուշադրություն է հրավիրել մի շարք կարևոր հարցերի լուծմանը, որին պետք է ներգրավված լինեն նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուիչները։ «Այս պահի դրությամբ մենք ունենք մի շատ կոնկրետ որոշում, որ այս ֆորմատի երեք ներկայացուցիչներ պիտի ներգրավված լինեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում»,- նշել է վարչապետ Փաշինյանը՝ շեշտելով, որ ներկայումս լուծումներ են փնտրվում՝ դե յուրե այդ հարցը կազմակերպելու համար։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ քննիչ հանձնաժողովի աշխատաքները կմեկնարկեն միայն նախապատրաստական աշխատանքների իրականացումից հետո: