Խառը մենամարտերում Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Էդուարդ Վարդանյանը մեկնաբանել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած երթը դեպի Երևան՝ սահմանազատման գործընթացի շրջանակում Ադրբեջանին տարածքային զիջումներից հրաժարվելու պահանջով։
Ինստագրամում հրապարակված տեսանյութում մարզիկը նշել է, որ դեպի Երևան շարժվող երթը «եկեղեցու, «Դաշնակցություն» կուսակցության՝ ի դեմս Գառնիկ Դանիելյանի և քոչարյանական «Հայաստանի վերածնունդ» կուսակցության՝ Արթուր Սարգսյանի զարմանալի համակցություն է, որոնք, ըստ էության, այս երթի կազմակերպիչներն ու համակարգողներն են։
«Կարող եք հարցնել՝ ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ Վատն այն է, որ այս բոլոր ուժերն իրենց ամբողջությամբ վարկաբեկել են անկախ Հայաստանի գոյության ողջ ընթացքում»,- ասել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ «Դաշնակցություն»-ը Հայաստանի ներսում զբաղված է իրեն հեղինակազրկելով և քաղաքական մարմնավաճառությամբ։ Միևնույն ժամանակ՝ մարզիկը նշել է, որ ՀՅԴ-ի տարբերությունը Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս «շատ մեծ է», քանի որ «Հայաստանից դուրս դաշնակցականները հեղինակություն են վաստակել և շատ բան են անում իրենց հայրենիքի համար»։
««Հայաստանի վերածնունդ» կուսակցության և նրանց նմանների մասին խոսելն անիմաստ է։ Այս ամբողջ ընթացքում երկիրը մսխում են, գողանում են»,- ասել է նա։ Վարդանյանը նաև հայտարարել է, որ եկեղեցին «վարկաբեկվել և թուլություն է դրսևորել ինչպես պատերազմի, այնպես էլ Արցախի շրջափակման ժամանակ»։
Նրա խոսքով՝ եկեղեցին «բարեփոխումների կարիք ունի»։
«Միասնությունը ծնում է ուժ, իսկ ուժը՝ իրավունք: Հիմա ես միասնականություն չեմ տեսնում, տեսնում եմ միայն քաղաքական խաղեր ու ինտրիգներ։ Իհարկե, ես համաձայն չեմ նման սահմանազատման ու սահմանագծման և կառավարության որոշ նախաձեռնությունների հետ։ Բայց սա լեգիտիմ ու օրինական իշխանություն է։ Եթե համաձայն չեք սրա հետ, ուրեմն բացառիկ հնարավորություն ունեք վերադառնալու Հայաստան, արժանավայել, ազնիվ ապրելու և կառուցելու քաղաքացիական ինստիտուտներ ու հասարակություն Հայաստանում»,- եզրափակել է մարզիկը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են երթով Երևան հասնել մայիսի 9-ին:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Մանրամասները՝ տեսանյութում։