Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ քննարկել է Հայաստանի ժողովրդագրության ռազմավարության նախագիծը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Ժողովրդագրության ռազմավարության մշակման աշխատանքներն սկսվել էին դեռևս 2 տարի առաջ: Հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը, նաև վերջին շրջանի ժողովրդագրական ցուցանիշները՝ նոր ռազմավարություն մշակելու անհրաժեշտություն էր առաջացել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Խաչատրյանի խոսքով՝ նախկին ռազմավարությունն ընդունվել էր 2009-2010 թվականներին և չէր արտացոլում առկա իրավիճակը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն այս աշխատանքներն իրականացնելու համար առաջարկել է ձևավորել խորհրդատվական խումբ և ընտրվել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը, աշխատանքային թիմում ընդգրկվել են տեղական, միջազգային լավագույն փորձագետներն ու ժողովրդագրագետները:
Ըստ փոխնախարարի՝ ռազմավարությունը տվյալահեն է, ուսումնասիրությունների հիմքում դրվել են փաստեր, ինտուիտիվ եզրահանգումներ չկան: Խաչատրանը նշել է, որ տվյալների հավաքագրումն իրականացվել է 1897 թվականից՝ Հայաստանում որևէ ձևով հավաքագրված ժողովրդագրական ցուցանիշների վերլուծությամբ: Մոտ 125 տարվա թվային պատկերի վերլուծություն է իրականացվել:
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի գնահատմամբ՝ նախագիծը մշակելիս հաշվի են առել արտաքին և ներքին մի շարք մարտահրավերներ, որոնց բախվել է երկիրը: Նրա գնահատմամբ՝ ռազմավարության նպատակն է սահմանել պետության առաջնահերթություններն այն առումով, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն բնակչության թվի ավելացման, այլև կառուցվածքի, որակի փոփոխության տեսանկյունից:
Հանձնաժողովի նախագահը վստահեցրել է՝ այս ռազմավարության հիմքում մարդկային կապիտալի զարգացումն է, ռազմավարության հիմքում դրված հիմնասյուները միտված են ընտանիքի բարեկեցությանը, առողջության խթանմանը, ակտիվ ծերությանը և միգրացիոն հոսքերի կառավարմանը: Տիգրանյանը հավելել է, որ ռազմավարությունից բխում են մոտ 120 գործողություններ ու միջոցառումներ: