Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ողջունել է վեցակողմ տարածաշրջանային համագործակցության Բաքվի նախաձեռնությունը:
Ինչպես հաղորդում է IRNA-ն, այդ մասին իրանցի նախարարը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ: Զարիֆը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել և համագործակցել բոլոր այն ոլորտներում, որոնք նպաստում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
«Հանդիպման ընթացքում արտգործնախարարը շնորհավորել է Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին վերջին հաղթանակների կապակցությամբ և կարևորել երկկողմ համագործակցության ընդլայնումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ Ադրբեջանի նախագահն իր հերթին բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Նա ընդգծել է Իրանի հետ տնտեսական համագործակցության ոլորտում հարաբերությունների ընդլայնման կարևորությունը:
Ադրբեջանի նախագահը նաև ողջունել է ապագայում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի, ինչպես նաև Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի միջև եռակողմ հանդիպումներ անցկացնելու ծրագրերը:
Հիշեցնենք, որ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բաքու է ժամանել տարածաշրջանային շրջագայության շրջանակներում։ Նա նաև նախատեսում է այցելել Հայաստան, Վրաստան և Ռուսաստան։