Մարտի 8-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հետ։ Այս մասին
հայտնել է Իրանում ՀՀ դեսպանատունը։
Հանդիպման ընթացքում Ա․ Թումանյանը հանգամանալից կերպով ներկայացրեց 2020թ․ Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները։ Այս մասին հայտնել է Իրանում ՀՀ դեսպանատունը։
Դեսպան Թումանյանն անդրադարձավ տարածաշրջանային ներկա իրողությունների պայմաններում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման միտումներին, փոխշահավետ համագործակցության ուղղությունների և ծրագրերի հստակեցման և դրանց ակտիվ կենսագործման անհրաժեշտությանը։
Զոլնուրը խոսեց 2020թ․ Ղարաբաղյան պատերազմի օրերին և ետպատերազմական շրջանում Իրանի որդեգրած դիրքորոշումների և ձեռնարկած քայլերի, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին։
Զրուցակիցները ընդգծեցին, որ Հայաստանի և Իրանի միջև կապերի հետագա ամրապնդումը, համակողմանի և արդյունավետ համագործակցության խորացումը բխում են ինչպես երկու բարեկամ երկրների շահերից, այնպես էլ տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունից։