ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ամերիկացի գեներալ Քեննեթ Մաքքենզին «Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտում» (AEI) մերձավորարևելյան վերջին զարգացումների համատեքստում անդրադարձել է նաև թուրք-ամերիկյան հարաբերություններին:
Ամերիկացի գեներալը նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև կայանալիք հանդիպումը դրական քայլ կլինի երկու երկրի հարաբերությունների ապագայի համար: Այս մասին հայտնել է Ermeniahaber-ը։
Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք տարածաշրջանում Թուրքիայի ընդլայնվող ռազմական կարողություններն և, մասնավորապես, Սիրիայում ու Լիբիայում գործողություններն ապակայունացնող ազդեցություն ունենան տարածաշրջանի վրա, Մաքքենզին պատասխանել է.
«Նախևառաջ Թուրքիան երկար ժամանակ ՆԱՏՕ-ի մեր արժեքավոր գործընկերն է: Թուրքիան ունի ազգային անվտանգության օրինական մտահոգություններ՝ կապված Սիրիայի և Իրաքի սահմանների հետ:
Այն, ինչ մենք փորձում ենք անել Թուրքիայի հետ, առավելագույնի հասցնելն է այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք համաձայնության եզրեր գտնել: Եթե նույնիսկ տարաձայնություններ ունենանք, կարող եք շարունակել ընկերներ մնալ: Թեև կան որոշ բնագավառներ, որոնցում մենք համաձայն չենք Թուրքիայի հետ»: