«Ընդդիմության ծայրահեղական գործողությունները Թբիլիսիի փողոցներում խաթարում են երկրի կայուն և երկարաժամկետ զարգացումը»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, հայտարարել Է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով ընդդիմության բողոքի ակցիաները Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։
«Տնտեսական բարդություններից և գործազրկությունից բացի, այսօր մեր երկրի համար մարտահրավերը, որը խոչընդոտում է կայուն, խաղաղ և երկարաժամկետ զարգացմանը, բխում է արմատական, ծայրահեղական ընդդիմադիր ուժից, մասնավորապես, «Ազգային միացյալ շարժումից»,-ասել Է Ղարիբաշվիլին:
Պաշտպանության նախարարի խոսքով՝ Վրաստանը արևմտյան աշխարհի մի մասն է, մինչդեռ ԵՄ երկրներում և ԱՄՆ-ում ընդդիմության նման գործողությունները կարող են որակվել որպես քրեական հանցագործություն:
«Ինչպե՞ս եք պատկերացնում, ինչո՞վ կավարտվեին Եվրոպայի կամ ԱՄՆ-ի երկրներում Կոնգրեսի կամ խորհրդարանի շենքի շրջափակման փորձերը նման մեթոդներով։ Դա բացարձակապես անընդունելի է։ Դա քրեական հանցագործություն է», – հայտարարել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Նշենք, որ այսօր առավոտյան ընդդիմության առաջնորդներն ու նրանց կողմնակիցները հերթական փորձն են ձեռնարկել Թբիլիսիի խորհրդարանի շենքը շրջափակելու համար, սակայն ոստիկանությունը ժամանակից շուտ պատնեշ է դրել՝ խորհրդարանի շենքի մուտքերը փակելով բարձր երկաթյա պատնեշներով: Ոստիկանությունն ուժեղացրել է հսկողությունը նաև կառավարության շենքի մոտ։ Խորհրդարանը սկսել է աշխատել սովորական ռեժիմով։